Հուլիսյան արեւը դեռ մայր չէր մտել, բայց երկնքում առաջացած սև գիծը սրընթաց մեծանում էր։
Դեպի վեհարան ծանր քայլերով, առաջնորդելով ամբոխը, շարժվում էր մի մարդ։
Մարդու լեզուն դարձել էր մուրճ , իսկ ձայնը՝ ամբոխի աղմուկ։
Նա չէր գնում աղոթքի։
Նա գնում էր իր կրած հերթական պարտության մեղավորին նշանակելու, ամբոխին իր խայտառակ պարտությունից կրկին շեղելու, և ամբոխի մոտ իր ղեկավար լինելու տեսիլքը գոնե մի չնչին ժամանակով երկարաձգելու համար։
Մարդը՝ սեփական ձայնով հմայված, որոշել էր խոսել այնտեղ, ուր խոսում է միայն մեկ ձայն՝ Լռությունը Տիրոջ առաջ։
Նա գալիս էր՝ թմբկահարելով ժողովրդի անունը, բայց հոգու խորքում վախենում էր հենց այդ ժողովրդից՝ նրա հիշողությունից, հավատքից, և Աստծո հանդեպ ունեցած երկյուղից։
Նա քաջ գիտակցում էր, որ Աստված չի ներում նրանց, ովքեր խախտում են հոգևոր սահմանը՝ գահի համար։
Չի ներում նրանց, ովքեր փորձում են համեմատվել ամենակարող տիրոջ հետ կամ քննել նրա գործերը։
Մարդը քայլում էր, գոռում, անցնող մեքենաները զայրացած ձայնային ազդանշաններ էին տալիս, իսկ ճանապարհը պահպանող ոստիկանական պատի հետևից լսվում էր ազգի վանկարկումները – դավաճան, անիծվես դու, Աստծո գործերը անքննելի են։
Մարդը լսում էր իր հասցեին ուղղված վանկարկումները, որոնք արդեն իր համար սովորական էին դարձել, ավելի ճիշտ դարձել էին նրա առօրյայի անբաժանելի մասը, չէր նեղանում դավաճան բառից և համոզված էր, որ ինքը կարող էր քննել Աստծո գործերը։
Համոզված էր, որ ինքն էլ այն դատավորը, ով իրավասու է որոշել թե Աստված ում երեխա տա և ում իր տան կառավարիչ նշանակի։
Քայլում էր մարդը, գոռում, ճչում ժողովրդի անունից, ոգևորում իր հետևից քայլող ամբոխին, բայց քանի մոտենում էր վեհարանին, այնքան սարսափը պատում էր նրան, որն էլ քողարկելու համար, ավելի բարձր էր գոռում։
Մարդը սարսափում էր, քանի որ գիտեր Աստծու հետ համեմատվել փորձող, նրան պատերազմ հայտարարած և Աստծո գործերը քննել փորձող բոլոր արքաների ճակատագիրը։
Քայլում էր, գոռում, բայց աչքերի առջև տեսիլքներ էին։
Առաջինը Ֆիլիպ Գեղեցիկն էր, ով 1303 թ․ հարձակվեց Հռոմի պապի՝ Բոնիֆացիոս VIII-ի վրա։ Նա բռնեց Պապին, նվաստացրեց, խլեց նրա իշխանությունը։ Բայց չանցավ մեկ տարի և Ֆիլիպը մահացավ տարօրինակ հիվանդությունից, իսկ իր սերունդները մեկը մյուսի հետևից՝ աղետալի մահվան ենթարկվեցին։ Դանթե Ալիգիերին Ֆիլիպ Գեղեցիկին դրեց «Դժոխքի» գլխիվայր շրջված բեմում՝ որպես այն թագավորի, ով պատերազմեց Աստծո տան դեմ։
Երկրորդը Լյուդովիկոս XVI-ն էր, ով չարգելեց Նոթր Դամի պղծումը, Ֆրանսիական հեղափոխության օրոք, թագավոր Լյուդովիկոսը չկանգնեց Աստծո տան կողքին, երբ ամբոխը խարխլեց եկեղեցիները, սրբեց Սուրբ Խաչերն ու զոհասեղանները։ Նոտր Դամում նույնիսկ պոռնիկին նստեցրին՝ որպես «խոհեմության աստվածուհի»։ Բայց շուտով՝ Լյուդովիկոսը ինքը կանգնեց գիլոտինի առջև և ոչ թե որպես հանցագործ, այլ՝ որպես մեկը, ով անպաշտպան թողեց Աստծո տունը։
Մյուսը Նապալեոնն էր, ով նույնպես գերեվարեց Հռոմի պապին, բայց մահացավ մենակ՝ Սուրբ Հեղինեի մառախլապատ ափերին։
Այսքանը գիտեր քայլող մարդը, բայց իրեն թվում էր, որ Աստված չի նկատի իր քայլը և իրեն չի հասնի մնացած արքաների ճակատագիրը, դե իսկ վատագույն դեպքում, եթե նույնիսկ բացահայտվի, ապա մեղքը կբարդի իրեն հետևող ամբոխի վրա, կասի որ ինքը ընդամենը ամբոխի կամքն է կատարել։
Քայլում էր մարդը, սեփական անպատժելիության պատրանքից ոգևորված, սակայն չգիտեր մի պարզ ճշմարտություն, այն է`
Էջմիածինը՝ դա Սուրբ Գրիգորի մուրճով կառուցված Տաճարն է։ Այն վանահայրերի շնչով է հյուսվել, իսկ հավատացյալների արցունքով սրբացվել։ Դա պարզապես շենք չէ։ Դա հայ ազգի ինքնությունն է, խիղճը, հիշողությունը։ Դա տունն է Աստծո։
Եվ երբ մարդ փորձում է ջարդել եկեղեցու դուռը, նա իրականում հարձակվում է Աստծո տան և հայության հոգու վրա։
Մարդը չէր գիտակցում, որ Վեհարանի վրա հարձակվել նշանակում է՝
→ վերացնել իր պատմական ինքնությունը,
→ մոռանալ Քրիստոսով մկրտված ազգի էությունը,
→ թքել իր նախնիների վերքերին։
Մարդը դեռ չէր գիտակցում, որ թագավորները կարող են ստիպել դատավորներին լռել։ Կարող են մարել մոմերը։ Կարող են գոռալ ամբիոններից։
Բայց պատմությունը սպասում է, և երբ գալիս է ժամանակը արձագանքը չի հապաղում։
Եվ այդ ժամանակ սկսում են խոսել ոչ թե մարդիկ, այլ Վեհարանի պատերը։
Խաչը կբարձրանա վեր՝ իսկ սուտը և այն կրողը կիջնեն դժոխք ու հավերժ կզբաղեցնեն իրենց տեղը Ֆրանսիական արքա Ֆիլիպ Գեղեցիկի կողքին ու կրկին գլխիվայր։
Այս մտորումներով, իր իմացած և չիմացածով հանդերձ, մարդը քայլելով հասավ Աստծո տան առջև։
Նա դեռ չէր հասցրել կատարել իր վերջին սրբապիղծ քայլը, երբ հայտնվեց վերջին տեսիլքը։
Տեսիլքում Ներսես կաթողիկոսին էր, դիմացը ծնկաչոք Պապ թագավորը։
Վերջինս ծնկաչոք դիրքից հայացքը ուղղեց դեպի մարդը և ասաց`
<<Եվ գահերը կխոնարվեն Աստծո տան առջև, քանզի անքննելի են Աստծո գործերը>>։
Հանրային Ձայն կուսակցություն