Երբ նավը խորտակված է, ծովը հանկարծ դառնում է ոգեշնչման աղբյուր։ Լուռ ափին կանգնած մարդիկ, ովքեր մինչ այդ ոչ մի անգամ չէին նավարկել, հանկարծ դառնում են փորձառու նավաստիներ։ Քարերով ու հորդորներով նրանց ձայները լսվում են ամեն կողմից։
– «Ես հենց այդ պահին ասել էի՝ աջ պետք է դարձնել»,
– «Իմ պապը նավավար էր, ես լավ գիտեմ՝ երբ է խարիսխն իջեցվում»,
– «Եթե ինձ հարցնեին, անձնակազմը դեռ անցած տարի կփոխեի»։
Նրանք կանգնած են չոր ու ապահով ափին։ Նավը՝ արդեն փայտակույտ դարձած ծովի հատակին, իսկ նրանք, ովքեր իսկապես գտնվել են դրա վրա, լուռ են։ Ջրից թաց, բայց բողոք չունեն։ Ու չեն պատասխանում անգամ նրանց, ովքեր գոռում են՝
«Ձեզ ինչի տեղ էիք դրել, որ պետություն էիք ղեկավարում»։
Նրանք լուռ են, որովհետև հողի վրայից ճշմարտությունն ավելի պարզ ու հարմար է թվում։ Բայց ջրի մեջ, երբ կապույտը սևի է վերածվում, այլ արժեքներ են գործում։
Նույնը եղավ մեզ հետ, երբ կորցրինք Արցախը։
Նավը խորտակվեց։
Խորտակվեց ոչ թե մեկ օրում, այլ տարիների ընթացքում՝ չնկատված ճաքերից, կույր ուղղությամբ շարժվելուց, անտեսված հորիզոններից։ Բայց հենց այն պահից, երբ ջուրը լցվեց ներսից ու դրսից, բոլորը հանկարծ հիշեցին, թե ինչ էին ասել, երբ, ում և ինչ ձևով էին «նախազգուշացրել»։
Այժմ՝ ամեն քառակուսի մետրի վրա մի փրկարար է կանգնած։
Մեկը ասում է՝
– «Ես դեռ 1994-ից ասում էի՝ պետք է զիջել՝ փրկվելու համար»։
Մյուսը՝
– «Ես միշտ ասել եմ՝ պետք է մինչև վերջ պատերազմել»։
Երրորդը՝
– «Ձեզ ասել էի՝ ռուսի հույսով չլինեք»։
Չորրորդը՝
– «Իսկ դուք ո՞ւմ էիք ձայն տալիս 2018-ին»։
Քարերը նետվում են բոլոր ուղղություններով, բայց նավը չի բարձրանում։ Նավը հատակին է։
Նավը՝ Արցախն է։
Նավաստիները՝ մեր որդիները, եղբայրները, կորցրած սերունդը, դեռ չծնված երեխաների տունը։
Այսօր քաղաքականության մրրիկի մեջ մոլորված հասարակությունը մոռանում է ամենակարևորը։ Մոռանում է, որ մինչ նավը խորտակվում էր, քչերն էին պատրաստ սուզվել՝ տեսնելու, թե ինչ ճաքեր կան նրա իրանում։ Մարդիկ նստած էին իրենց հարմարավետ սրահներում՝ մեկը՝ սրճարանում շախմատ էր խաղում, մյուսը՝ երաժշտություն էր լսում, երրորդը՝ բարկանում էր անձնակազմի վրա, իր անդադար մեկնաբանություններով։
Եվ երբ նավը սկսեց ճկվել, բոլորը նայեցին իրար՝ սպասելով, թե ո՞վ առաջինը կհայտարարի.
«Մենք խորտակվում ենք»։
Բայց ոչ ոք չասաց։ Ոչ ոք չէր ուզում կրել պատասխանատվությունը։
Եվ հիմա՝ բոլորը խոսում են։
Այդ աղմկոտ խոսքի մեջ, սակայն, կա մի լռություն։
Լռությունը նրանց, ովքեր մինչ վերջ մնացին նավի վրա։ Ոչ թե նրանք, ովքեր սխալվեցին, այլ նրանք, ովքեր չփախան։ Որովհետև նավը կարող է խորտակվել, բայց արժանապատվությունը՝ ոչ։ Քաղաքականությունը կարող է խորտակվել, բայց խիղճը՝ երբեք։
Այս պատմության մեջ ամենացավալին այն չէ, որ նավը խորտակվեց։
Այլ այն, որ մինչ այն դեռ լողում էր, քչերն էին պատրաստ իրական պատասխանատվություն կրել։
Իսկ հիմա բոլորը փորձում են իրենց անունը գրել նրա պատերի վրա՝ որպես դատավոր։ Որպես փրկարար։ Բայց ոչ՝ որպես մարդ։
Եվ այսպես, երբ նավը խորտակված է, բոլորն են հիշում, թե ինչպես կարելի էր այն փրկել։ Բայց երբ այն դեռ լողում էր, քչերն էին հիշում, որ նավը պետք է ղեկավարվել ոչ միայն շահով, այլ նաև՝ սիրով։
Սիրով դեպի նավը, դեպի ուղին։
Եվ՝ դեպի այն մարդիկ, ովքեր դրա վրա ապրում են։
Հանրային Ձայն կուսակցություն