Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանը մեծ շուքով բացվել է»

14 Հուլիսի, 2025

default.jpg

Հուլիսի 12-ին Վահան Տերյանի ծննդավայր՝ Գանձա գյուղում, պաշտոնապես բացվեց բանաստեղծի վերականգնված տուն-թանգարանը՝ նվիրված նրա ծննդյան 140-ամյակին։

Նախկինում քանդվելու վտանգի առջև կանգնած թանգարանն ամբողջությամբ վերակառուցվել և համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Սա զգալիորեն ընդլայնել ու հարստացրել է ցուցադրությունը՝ այն վերածելով յուրահատուկ մշակութային կենտրոնի, որը կխորացնի նաև տարածաշրջանում մշակութային տուրիզմի զարգացումը։ Թանգարանի վերակառուցումն իրականացվել է՝ ամբողջությամբ պահպանելով իր սկզբնական ճարտարապետությունը։ Այցելուներին առաջարկվում է ջավախքյան բարբառով հեքիաթներ լսել, Arloopa համակարգի միջոցով տեսնել Տերյանի հետևյոտ կերպարը և օգտվել ինտերակտիվ ֆոտոհարթակից։

Վերականգնումն իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից՝ բարերարների, Նինոծմինդայի մունիցիպալիտետի, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։ Ծրագիրը ներառել է քայլեր՝ ցուցասրահի վերանորոգում, հուշային հատվածի (Տերյանի հայրենի տան) վերականգնում և հարակից տարածքի կազմակերպում։ Թանգարանի վերակառուցմանը մասնակցել են Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը, ազգագրագետ ու ցուցադրության համադրող Արգամ Երանոսյանը, դիզայներ Արթուր Քոշատաշյանը և ծրագրի ղեկավար Սամվել Մկոյանը։

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Սամցխե-Ջավախքիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ՋԱՀ հիմնադրամի հոգաբարձուներ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, բարերարներ և Տերյանի պոեզիայի սիրահարներ։

Երկու երկրների մշակութային նախարարները շեշտեցին թանգարանի վերաբացման և հայ-վրացական համագործակցության կարևորությունը։

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն նշեց. «Մշակույթը չունի տարաձայնություններ ու սահմաններ։ Այն բխում է բոլորի սրտից ու կարող է ոգեշնչել բոլորին՝ անկախ ազգությունից կամ լեզվից»:

Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ավելացրեց. «Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր մենք դա տեսնում ենք։ Տերյանի պոեզիան համամարդկային արժեք է։ Այս թանգարանը նոր հնարավորություններ կտա Տերյանի արվեստն ուսումնասիրելու և նրա ստեղծագործական ժառանգությանը ավելի մոտ լինելու համար»:

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը նշեց, որ Տերյանի ծննդյան 140-ամյակը նշվել է հանդիսավոր ու բազմամարդ տոնակատարությամբ՝ նրա հայրենի գյուղում։ Նա ընդգծեց, որ տերյանական շունչն այդ օրը կրկին զգացվում էր Գանձայում և որ պարտադիր է բանաստեղծի ժառանգությունը փոխանցել հաջորդ սերունդներին։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը հիմնադրամի առաջնահերթ ծրագրերից էր։ Ըստ նրա՝ այն ունի ոչ միայն մշակութային նշանակություն, այլև նպաստում է Ջավախքի տարածաշրջանային զարգացմանն ու հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը։

Թանգարանի վերականգնման գործում ներդրում ունեցած բարերարներին և մասնագետներին հանձնվեցին շնորհակալական նվերներ։

Ելույթներից հետո Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները կտրեցին կարմիր ժապավենը՝ խորհրդանշելով թանգարանի պաշտոնական բացումը և շրջեցին ցուցասրահներում։

Տոնակատարությունը շարունակվեց համերգով, որին մասնակցեցին Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տերյան» մշակութային կենտրոնի նվագախումբը և հայտնի կատարողներ՝ Գոռ Սուջյան, Մավր Մկրտչյան, Վարդան Բադալյան, Գուրգեն Դաբաղյան, Արսեն Գրիգորյան, Նարեկ Մարգարյան ու «Ջավախքի ձայնը» փառատոնի մրցանակակիրներ Արսեն Աղջոյան, Արմեն Տաշչյան, Արեգնազ Մկրտչյան և Ամալյա Բաբայան։