Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը սկսվել է Երևանում

14 Հուլիսի, 2025

default.jpg

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, բացման ֆիլմի ռեժիսոր Ջաֆար Փանահին, ինչպես նաև՝ «Ոսկե ծիրան»ի պատվավոր հյուր և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Ամիր Նադերին, հյուրեր ու կինոգործիչներ։

Ժաննա Անդրեասյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ «Ոսկե ծիրանը» 22-րդ անգամ վերադարձել է հարազատ կինոյի տուն՝ դառնալով մեր կյանքի անբաժանելի մասը։ «Կարծում եմ՝ այլևս չենք պատկերացնում ամառն առանց «Ոսկե ծիրանի»։ Փառատոնը, թերևս, ամենասպասված իրադարձություններից է։ Վստահաբար, այն դարձել է կինոյի աշխարհում մեր փառատոնային անձնագիրը և այցեքարտը, որով կարողանում ենք ներկայանալ աշխարհին։ Սկզբում այդ նախաձեռնությանը գուցե թերահավատորեն են մոտեցել, սակայն այսօր արդեն այն հաստատուն տեղ է գրավել միջազգային տարբեր հարթակներում»,— ասել է նա։

Փառատոնի բացումը կայացել է իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմի ցուցադրությամբ, որը Կաննի 78-րդ կինոփառատոնում արժանացել է Ոսկե արմավենու ճյուղի մրցանակի։

ԿԳՄՍ նախարարը հատուկ շեշտել է, որ «Ոսկե ծիրանի» շնորհիվ հազվագյուտ և գեղարվեստորեն արժեքավոր ֆիլմեր հասանելի են դառնում հայ հանդիսատեսին։ ««Ոսկե ծիրանը» դարձել է մի հարթակ, որտեղ հանդիսատեսն առնչվում է կինոյի նորույթներին։ Այսօր մի ֆիլմ ենք դիտելու, որը լայն հանրությանը դեռևս հասանելի չէ։ Կինոն միջազգային երևույթ է, որի զարգացումն անմիջականորեն առնչվում է միջազգային գործընթացներին և այդ բնագավառի նորարություններին»,— ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նա նաև նշել է, որ կինոոլորտում վերջին տարիներին նկատվում է ակտիվություն․ բազմաթիվ ֆիլմեր և տաղանդավոր կինոգործիչներ իրենց արժանավոր տեղն են զբաղեցնում աշխարհի տարբեր փառատոներում։ «Մեր ֆիլմերը ներկայացված են միջազգային ամենահեղինակավոր փառատոներում։ Ուրախ եմ, որ պետական քաղաքականությունը միտված է կինոարտադրության աջակցությանը։ Օրենսդրական նոր փոփոխությունները, վստահ եմ, նոր տեմպ են հաղորդելու ստեղծարար արդյունաբերությանը՝ ճանապարհ բացելով տաղանդավոր կինոգործիչների համար», — ասել է նա։

Ժաննա Անդրեասյանը նաև անդրադարձել է համատեղ արտադրության համար ներդրումների վերադարձի հնարավորությանը, ասելով, որ հաջորդ տարիներին փառատոնում կցուցադրվեն նաև այդ ծրագրի շահառու ֆիլմերը։ Նա մաղթել է, որ փառատոնն անցնի հագեցած և հաճելի մթնոլորտում, իսկ դիտումներն ու քննարկումները դառնան նոր գաղափարների սաղմնարան։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ելույթում նշել է. «Ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ քաղաքում, որտեղ մշակույթը շարունակաբար ապրում և զարգանում է։ Արդեն երկու տասնամյակ Երևանը հյուրընկալում է համաշխարհային կինոյի անունների, և այս տարին ևս բացառություն չէ։ Փառատոնին միացել են միջազգային մեծություններ, բազմաթիվ հյուրեր աշխարհի ավելի քան 30 երկրից։ Այս մարդիկ ներկայացնում են տարբեր մշակութային դպրոցներ, սակայն բոլորին միավորում է սերը կինոյի հանդեպ»։

Արարողության ընթացքում փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և հրավիրյալ ռեժիսոր Ջաֆար Փանահին նույնպես ողջունել են ներկաներին։ Խաչատրյանը համաշխարհային կինոյում ունեցած նշանակալի ավանդի համար Ամիր Նադերիին հանձնել է «Փարաջանովյան թալեր» մրցանակը։

Ամիր Նադերին, ով «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը, ասել է. «Այս մրցանակն ինձ համար շատ նշանակալից է, որովհետև իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը Փարաջանովն է։ Մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ կինոռեժիսորներին, որպեսզի Փանահիի նման ճանապարհ բացեն դեպի ապագա»։

«Ոսկե ծիրանի» միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Նա ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է և նախկինում ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցներից մեկը։

Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են Կաննի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի հետ համագործակցությամբ։

Փառատոնի փակման արարողությանը կցուցադրվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմը։ «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը Երևանում կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։