Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնում օրերս նշանակվել է Արամ Ղազարյանը։ Սակայն, վերջինս դեռ իր առանձնասենյակ չմտած՝ թիրախավորվեց որոշ շնաբերան, զազրախոս անձանց կողմից։ Մասնավորապես, որոշ անբարոյական անձինք փորձում են Արամ Ղազարյանին վարկաբեկել՝ դեռևս 2021 թվականին հավերժի ճանապարհը բռնած նրա հորեղբոր որդու՝ Քանաքեռցի Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանի հասցեին չհիմնավորված բամբասանքներ տարածելով։
Շնաբերան զազրախոսները նրան ներկայացնում են որպես քրեական հեղինակություն։
Արթուր Ղազարյանը իմ ընկերն էր, ով մահացել է 2021 թվականին, և նրա անունը նման կերպ շահարկելը ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն։
Հայկական ավանդույթը պահանջում է՝ հանգուցյալների մասին խոսել կամ լավ, կամ ոչինչ։ Ավելին, այն պնդումները, թե Արթուր Ղազարյանը եղել է «քրեական հեղինակություն», հիմնված են զուտ բամբասանքների վրա։ Ոչ մի դատական վճիռ կամ պաշտոնական հետապնդում չի հաստատում նման մեղադրանքները։
Հատկանշական է, որ այս թեման արծարծում են այն ուժերը, որոնք կապված են հետախուզման մեջ գտնվող անձի հետ, ում եղբայրը ժամանակին նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարար։ Այստեղ է, որ ակնհայտ է դառնում նրանց էությունը, այն է՝ «իրենց աչքի գերանը չեն տեսնում, բայց ուրիշի աչքի փուշը գերան է թվում»։
Արամ Ղազարյանը պրոֆեսիոնալ սպա է, որքան ճանաչել եմ՝ հայրենասեր է, խոսքի տեր, լավ ընկեր։ Նրա գործունեությանը ավելի մանրամասն կանդրադառնանք նրա պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո, լավին լավ կասենք, վատին վատ, ինչը ևս հայկական ավանդույթ է՝ պաշտոնյային գնահատելու համար։
Իսկ նրանց, ովքեր փորձում են Արամ Ղազարյանին վարկաբեկելու նպատակով շահարկել Արթուր Ղազարյանի հիշատակը, խորհուրդ կտամ հեռու պահել իրենց «սրբապիղծ ձեռքերը» հանգուցյալների հիշատակից։
Մի՛ մոռացեք բումերանգի օրենքի մասին. ոչինչ անպատիժ չի մնում, ամեն ինչ վերադառնում է՝ և չարը, և բարին։
Հանրային Ձայն կուսակցություն