Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նոր Նորքի 4-րդ զանգվածի խաղահրապարակում շենքի կառուցման հարցն ավագանու օրակարգից հանվել է

9 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Երեւանի ավագանու սեպտեմբերի 9-ին կայացած նիստի սկզբում 13-րդ հարցը՝ Նոր Նորք վարչական շրջանում Գայի պողոտա 45/6 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նախնական թույլտվություն տալու հարցը, հանվեց օրակարգից։

Հարցն օրակարգից հանելու առաջարկը ներկայացրեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ առաջարկելով հետագա քննարկում անցկացնել այդ հարցով։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը առաջարկեց, որ հարցը չհանվի օրակարգից, այլ դառնա զեկուցվող, որպեսզի հանելը չհանգեցնի ավտոմատ կառուցման թույլտվություն տալուն։

Նա նաեւ առաջարկեց 2026-28 թթ. միջնաժամկետ զարգացման ծրագրի հարցը դարձնել զեկուցվող։

«Իրականում այս հարցը օրակարգից հանելուց կամ ընդունելուց շատ բան չի փոխվում, բայց արդեն հանել ենք օրակարգից։ Կարող ենք այդ քննարկումը իրականացնել մտքերի փոխանակման ֆորմատով եւ լսել միմյանց»,- արձագանքեց Տիգրան Ավինյանը։

Երկրորդ առաջարկը խոսքից հետո դրվել էր քվեարկության, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դեմ քվեարկության հետեւանքով այն չընդունվեց։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանը առաջարկեց շենքի կառուցման թույլտվությունը դարձնել քննարկելի, որպեսզի լսեն քաղաքապետարանի դիմաց հավաքվածների կարծիքը, այդ թվում՝ երեխաների։

Նշվում է, որ խոսքը Նոր Նորքի 4-րդ զանգվածում խաղահրապարակում շենք կառուցելու մասին է։ Բնակիչներն այժմ բողոքի ակցիա են անցկացնում քաղաքապետարանի դիմաց։

Ակտիվիստ Արթուր Խաչոյանը ակցիայի ժամանակ նշեց, որ դա տարածքի միակ խաղահրապարակն է, որտեղ կան մեծ, կենսունակ ծառեր։ «Նախորդ մի քանի ավագանու նիստերը դեմ են եղել եւ չեն տրամադրել այնտեղ շենք կառուցելու շինթույլտվություն։ Բայց հիմա փորձում են տրամադրել այդ շինթույլտվությունը։ Ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ խաղահրապարակի տարածքը համարվում է օտարման ոչ ենթակա հող, եւ դրա վաճառքը օրենքով արգելվում է»,- ասաց նա։

Նա հավելեց, որ Տիգրան Ավինյանը քարոզարշավի ժամանակ խոստացել է, որ այդտեղ բարեկարգվելու է խաղահրապարակը։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ երեք անգամ մերժվել է այդտեղ շենք կառուցելու թույլտվություն տալու հարցը, ինչը իրենց հանգստացրել է, բայց հիմա փաստի առաջ կանգնել են։

Հիշեցնենք, որ նախօրեին բլոգեր Արթուր Չախոյանը նշել էր, որ բնակիչները պայքարում են, որպեսզի բակի միակ խաղահրապարակի փոխարեն 18-հարկանի շենքեր չկառուցվեն։

Նա ընդգծել էր, որ այդ հարցով 4 հանրային քննարկում է եղել, որոնցից երեքի դեպքում վարչական շրջանը տվել է բացասական եզրակացություն, եւ ավագանին նույնպես մերժել է շինթույլտվություն տրամադրել։

«Սակայն սեպտեմբերի 9-ին Երեւանի ավագանու չզեկուցվող օրակարգով նախատեսվում է խաղահրապարակի հաշվին տրամադրել շինթույլտվություն 18-հարկանի շենքերի կառուցման համար։

Քաղաքային իշխանության նման որոշումը բացահայտ ոտնահարում է մեր սահմանադրական իրավունքները։ Քանի որ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ խաղահրապարակի տարածքը համարվում է օտարման ոչ ենթակա հող եւ դրա վաճառքը օրենքով արգելվում է։ Այնուամենայնիվ, մեր բակի միակ խաղահրապարակի տարածքը ապօրինի վաճառվել է, և այժմ ցանկանում են այնտեղ կառուցել 18-հարկանի շենքեր։

Մեր սահմանադրական իրավունքները ոտնահարված են, և մենք չենք պատրաստվում լռել ու համակերպվել անարդարության հետ։ Այդ պատճառով՝ բակի երեխաների միակ խաղահրապարակի ոչնչացումը թույլ չտալու համար մենք՝ բակի բնակիչներն ու խաղահրապարակի փոքրիկ շահառուները, սեպտեմբերի 9-ին ավագանու նիստի օրը անցկացնում ենք ակցիա։ Մեր նպատակն է, որ ավագանիները հասկանան խնդրի կարևորությունը եւ համայնքի շահից ելնելով կայացնեն ճիշտ որոշում»,- նշել էր նա։