Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տեր Վրթանես Բաղալյան. «Նիկոլիզմը ժամանակավոր է, բայց Եկեղեցին՝ Քրիստոսի հավիտենական մարմինը»

12 Հուլիսի, 2025

default.jpg

Սիրելինե՛ր, նիկոլիզմը ժամանակավոր ու անցողիկ է, բայց Եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի։ Նրանք, ովքեր անօրինաբար բռնանում են այս մարմնի դեմ, գործնականում հակադրվում են հենց Քրիստոսին։ Այս մասին գրում է Տեր Վրթանես Բաղալյանը։

«Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Այսօր, հոգևորականներով հավաքվել էինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ՝ քննարկելու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներն ու արդի իրողությունները։

Սակայն Մայր Աթոռի մթնոլորը շատ տխուր էր, որովհետև ժողովին ներկա չէին բարեշնորհ Հրայր Սարկավագը, գերաշնորհներ Տեր Բագրատ և Տեր Միքայել արքեպիսկոպոսները։ Սա մի ցավալի իրավիճակ է, որը հարված է ոչ միայն վերոհիշյալ հոգևորականներին, այլև ամբողջ հավատացյալ ժողովրդին ու ողջ հոգևոր դասին։

Մանավանդ, ակնբախ էր Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բացակայությունը, քանի որ տարիներ շարունակ նա եղել է քահանայից ժողովների հոգածու կազմակերպիչն ու առաջնորդողը։

Սրբազան Հայրն այսօր, ի հեճուկս օրենքի և արդարության, ապօրինաբար զրկվել է իր ազատությունից։ Նա ազատազրկվել է ոչ թե հանցանքի, այլ՝ հայրենասիրության, ճշմարտությունը բարձրաձայնելու, հավատքի, Հայ Եկեղեցու նկատմամբ անմնացորդ նվիրումի ու ծառայասիրության համար։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ նախկին քահանայից ժողովներից տարբերվող հավաք, քանի որ քահանայից ժողովները տարիներ շարունակ իրենց ճշգրիտ ընթացքն ու հոգևոր կարգը գտնում էին հենց Սրբազան Հոր հովվական խնամակալության ներքո։ Բայց այսօր ստիպված էինք անցկացնել ժողովը առանց նրա ֆիզիկական ներկայության։

Ժողովը կարգավարեց Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Սակայն բոլորիս սրտում բացակայում էր արդարության ձայնը, որն այսօր խլացվել էր Նկիոլի պետական բռնազավթիչ մեքենայի կողմից։

Սիրելինե՛ր, Տերը մեզ զգուշացնում է.

«Երանի՜ է ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն և ձեր մասին սուտ ու չար խոսքեր ասեն Իմ պատճառով։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում» (Մատթ. 5:11-12)։

Այս խոսքերը պարզ մխիթարություն չեն, այլ՝ ուղեցույց։ Երբ ծառան նմանվում է իր Տիրոջը, երբ նա հալածվում, նսեմացվում կամ ազատազրկվում է արդարության համար, հենց այդ ժամանակ նա վկայում է Տիրոջ ճշմարտությունը։ Տեր Միքայելը՝ իր համբերությամբ, իր ամուր դիրքորոշմամբ, այսօր դառնում է այդ երանության կենդանի վկան։

Հարցը մնում է՝ ո՞վ է իրականացնում այս հալածանքը։ Այն գործադրվում է Նիկոլի հրահանգներով գործող ուժային կառույցների կողմից, որոնք որպես գործիք օգտագործում են ստերն ու կեղծիքները՝ օրինականության դիմակի տակ թաքցնելով անօրինականությունը։

Սիրելինե՛ր, նիկոլիզմը ժամանակավոր երևույթ է, բայց Եկեղեցին Քրիստոսի հավիտենական մարմինն է։ Ովքեր անօրինական կերպով հարձակվում են Եկեղեցու վրա, նրանք ընդդիմանում են Քրիստոսին։

Պողոս առաքյալը նշում է.

«Ովքեր ուզում են աստվածավախությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն» (Բ Տիմոթեոս 3:12)։

Այս խոսքը հատկապես պարզ է այսօր, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես են Քրիստոսով ապրող հոգևորականներ հալածվում։

Այնուամենայնիվ, եթե հոգևոր հովիվներն են հալածվում, ապա նրանց հոտը պետք է արթնանա և հալածվողների կողքին կանգնի իր աղոթքներով։ Սա փորձության պահ է, բայց նաև՝ ուժի։ Լռելով մենք կարող ենք մասնակից դառնալ անարդարությանը, իսկ աղոթելով կարող ենք նպաստել մեր եղբայրների ազատագրմանը։

Եկեղեցին այսօր չի լռում։ Եկեղեցին բարձրաձայնում է ճշմարտությունը։ Եկեղեցին շարունակում է իր ուղին՝ խաչով ու հալածանքով, բայց նաև՝ հարությամբ։ Եվ մենք մենակ չենք, քանի որ մեզ հետ է Տերը, և մեր մեջ՝ Նրա Սուրբ Հոգին։

Հետևաբար, եղբայրներ և քույրեր, մեր աղոթքներում հիշենք Հրայր սարկավագին, Տեր Միքայել և Տեր Բագրատ արքեպիսկոպոսներին։ Աղոթենք արդարության հաղթանակի ու նրանց ազատության համար։ Չվախենանք ընդդիմանալ խավարին Քրիստոսի անունից։ Կանգնենք մեր հալածվող հոգևորականների կողքին»։