Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արթուր Նահապետյան․ ՔԿ-ից գողացված 590 000 դոլարից 11 200 դոլարը չի հայտնաբերվել, բայց կա վերականգնման պատրաստակամություն

6 Հունիսի, 2025

Հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հաստատեց, որ Քննչական կոմիտեից գողացված 590 000 դոլարից մեծ մասը հայտնաբերվել է, սակայն 11 200 դոլարը դեռևս բացակայում է։

Նրա խոսքով՝ մեղադրյալների հարազատները հայտնել են իրենց պատրաստակամությունը վերականգնելու այդ գումարը.

«Եթե վերականգնեն՝ շատ լավ, իսկ եթե ոչ՝ Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս կիրառել գույքի արգելադրման ինստիտուտը՝ պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով»։

Նահապետյանի խոսքով, մեղադրյալները ունեն թե՛ շարժական, թե՛ անշարժ գույք, և անհրաժեշտության դեպքում դրանց վրա կարող է դրվել արգելանք։

Ինչու գումարը չէր հանձնվել ԿԲ

Հարցին, թե ինչու այդքան մեծ գումարը մնացել էր Քննչական կոմիտեում և չէր փոխանցվել դեպոզիտային հաշվին, Նահապետյանը պարզաբանեց՝

«Գումարը հայտնաբերվել է մեկ այլ քրեական վարույթով իրականացված գործողությունների արդյունքում և ճանաչվել է որպես իրեղեն ապացույց։ Այն ուղարկվել է Կենտրոնական բանկ՝ ի պահ հանձնելու նպատակով։ Սակայն 2025 թ. ապրիլին ԿԲ-ն որոշ ընթացակարգային պատճառներով հրաժարվել է այն ընդունել և գումարը վերադարձվել է ՔԿ»։

Նա ավելացրեց, որ չի կարող այս փուլում մեկնաբանել ԿԲ-ի մերժման պատճառները, քանի որ նախաքննությունը շարունակվում է։


Նահապետյանը հերքում է «կադրային ջարդի» մասին խոսակցությունները

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում բազմաթիվ աշխատակիցներ են ազատվում, Արթուր Նահապետյանը նշեց՝

«Թույլ տվեք չհամաձայնվել ‘կադրային ջարդ’ ձևակերպման հետ։ Սա բնականոն աշխատանքային պրոցես է։ Ազատումներ ու նշանակումներ բոլոր կառույցներում պարբերաբար լինում են»։

Նա շեշտեց, որ ներկայում 12 աշխատակից են ազատվել աշխատանքից, բայց դա կապված չէ որևէ ճնշման կամ սկանդալի հետ

«Որոշ մարդիկ իրենց մոտեցումների կամ աշխատանքային սկզբունքների տարբերության պատճառով դիմել են ազատման»։