Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայկական հետքերը Բոլղարայում․ օտարալեզու լրատվամիջոցները վերլուծում են նորահրապարակ հետազոտությունը

15 Հուլիսի, 2025

Այսօր «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հրապարակել է նոր գենետիկ և հնագիտական հետազոտություն, որը հաստատում է, որ միջնադարյան Վոլգյան Բուլղարիայի տարածքում գոյություն է ունեցել հայկական համայնք։

default.jpg

Ըստ հետազոտության՝ «Բոլղարում և Վոլգյան Բուլղարիայի այլ տարածքներում հայերը հաստատվել են միջնադարից՝ հատկապես 10-11-րդ դարերից։ Չնայած Մեծ Բուլղարի բնակչությունը հիմնականում մուսուլման էր, սակայն հնագիտական տվյալները փաստել են հայկական հետքի, համայնքի, քրիստոնեական գերեզմանատան գոյության մասին»։

Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները, համագործակցելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վավիլովի անվան Ընդհանուր գենետիկայի ինստիտուտի և Մոսկվայի պետական համալսարանի Մարդաբանության ինստիտուտի հետ, ուսումնասիրել են Վոլգայի շրջանի ժողովուրդների ծագումնաբանությունը։ Հետազոտության նպատակն էր պարզել, թե արդյոք ժամանակակից թաթարները, չուվաշներն ու բաշկիրները Վոլգյան Բուլղարիայի միջնադարյան բնակիչների ժառանգներն են։

Բոլղար քաղաքը, որը հանդիսացել է առևտրային և մշակութային խոշոր կենտրոն, հիմնադրվել է 10-րդ դարում Ազովի և Սևծովյան շրջաններից եկած քոչվոր ցեղերի կողմից։ 13-րդ դարում մոնղոլները գրավել են Բոլղարը և այն դարձրել Ոսկե Հորդայի մայրաքաղաք։ Հնագետների կարծիքով՝ քաղաքն ունեցել է բազմազգ բնակչություն, ներառյալ թյուրքեր, ֆիննաուգրացիներ և հայեր։

Գիտնականներն առաջին անգամ վերծանել են 14-րդ դարում Բոլղարում ապրած մարդկանց ԴՆԹ-ն։ Ստացված տվյալները համընկնում են պատմական և հնագիտական ապացույցների հետ։ Հետազոտությունները հաստատել են, որ քաղաքի բնակչությունն ունեցել է բազմազգ կազմ։ Գենետիկական անալիզը կատարվել է «Հունական պալատ» կոչվող քրիստոնեական տաճարի մոտ թաղված երեք անհատների նմուշների հիման վրա։ Ուսումնասիրողները նշում են, որ տաճարը, ամենայն հավանականությամբ, հայկական է եղել։

Երկու տղամարդկանց գենոմային վերլուծությունը ցույց է տվել հայկական ծագում՝ հաստատելով, որ նրանց նախնիները տեղափոխվել են Կովկասից կամ Անատոլիայից։ Կնոջ ԴՆԹ-ն ցույց է տվել կապ Վոլգա-Ուրալյան տարածաշրջանի ժամանակակից թաթարների և բաշկիրների հետ։

18-րդ դարում Պետրոս Առաջինի կողմից հայկական տաճարի ավերակներում հայտնաբերվել են հայերեն արձանագրություններով տապանաքարեր (1321 և 1335 թթ.), որոնք պատկերել են հայ առևտրականների ու զինվորների։

«Հունական պալատ»-ում պեղումներ են իրականացվել 1916 և 1940-ական թթ.: Տաճարի ճարտարապետական հատկանիշներն ու հայերեն արձանագրություններով տապանաքարերը թույլ են տվել այն նույնականացնել Նորավանքի, Թեոդոսիայի և Հին Ղրիմի հայկական եկեղեցիների հետ։ Հնագետ Ա.Պ. Սմիրնովը կարծում է, որ Բոլղարում գոյություն է ունեցել հայկական գաղութ, որը ձևավորվել է հուշահամալիրի շուրջ։

Պեղումների ժամանակ հայտնաբերվել է 113 քրիստոնեական թաղում։ Գտածոներից են մետաքսե գործվածքներ՝ ասեղնագործված ոսկե ու արծաթե թելերով, որոնք նման են Անիի հայ արհեստավորների ստեղծագործություններին։ Գանգերի ուսումնասիրությունը բացահայտել է թաղվածների արմենոիդ տեսակը։

Պատմական աղբյուրները հաստատում են, որ հայերը առևտրական կապեր են ունեցել Մերձվոլգյան տարածքների հետ 8-9-րդ դարերից։ 10-րդ դարի արաբ ճանապարհորդ Իբն-Ֆադլանը հիշատակում է, որ բուլղարական թագավորի վրանը ծածկված է եղել հայկական գորգերով։ Իթիլ, Բոլղար և Կազան քաղաքներում հայկական գաղթօջախներ գոյություն են ունեցել 8-րդ դարից։ 11-րդ դարի կեսերին սելջուկյան արշավանքների պատճառով Հայաստանից սկսվել է արտագաղթի նոր ալիք։ 1236 թվականին մոնղոլների կողմից Անիի գրավումից հետո Վոլգայի տարածք են գաղթել մոտ 40 հազար հայեր։

Հետազոտությունը հաստատում է Վոլգյան Բուլղարիայում հայերի նշանակալի դերը տնտեսական ու մշակութային կյանքում։