«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նորից նույն «երգն է երգել»՝ հերթական անգամ հայտարարելով, թե Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները:
«ՔՊ-ն 2018 թվականին հատուկ օպերացիայի միջոցով իշխանության բերվեց Արցախը հանձնելու, հայոց բանակն ու հայ-ռուսական կապերը կազմաքանդելու ու ՀՀ-ն դեպի Արևմուտք, իսկ դե-ֆակտո՝ դեպի Թուրքիա տանելու համար»,-թեմայի հետ կապված գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն ու կարծիք հայտնում, որ վերարտադրվելու համար Փաշինյանը կատարելու է Ալիևի բոլոր պահանջները:
Ըստ հեղինակների, Փաշինյանն ունի երկու դաշնակից՝ թուրք-ադրբեջանական տանդեմն ու ոստիկանական ուժերը երկրի ներսում: Միևնույն ժամանակ նշվում է, որ Արևմուտքն օգտագործում է Փաշինյանին և ՔՊ-ին՝ ՀՀ-ն ՌԴից ու Իրանից կտրելու և Մոսկվայի համար Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելու համար. «Արևմուտքին ձեռնտու է Երևանում ունենալ հակառուսական, արևմտամետ, թրքամետ իշխանություններ, որոնք չեն վայելում սեփական ժողովրդի հարգանքն ու վստահությունը, քանի որ այդ կերպ նրանք լինելու են հեշտ կառավարելի։ Դրա արդյունքում Սյունիքի բանալիները ՔՊ-ն հանձնեց ԱՄՆ-ին. դա հերթական հակառուսական և հակաիրանական, թրքամետ քայլ էր»:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական տանդեմին, ապա նրանց ձեռնտու է «ՀՀ-ում ունենալ կապիտուլ յանտ, Արցախն ատող իշխանություններ, քանի որ այդ պարագայում Արցախի հարցն ընդմիշտ փակվելու է, հայոց բանակը կրճատվելու է, իսկ ՀՀ-ից արտագաղթը վերջնականապես 10-20 տարում հայաթափելու է ողջ Հայաստանը»։ Ալիքի համոզմամբ, այսպիսով, Ադրբեջանի պահանջների ցուցակը ՀՀ-ից ու Փաշինյանից ունի սկիզբ և չունի ավարտ, իսկ ՔՊ-ն, հանուն իշխանության պահպանման և 2026 թվականին վերարտադրվելու, պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում