Գևորգ Թամամյան. Հռիփսիմե Հունանյանի ընտրությունը այդ պաշտոնում չոր հաշվարկ է

3 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Գևորգ Թամամյանը, հայտնի արյունաբան-ուռուցքաբան և բժշկական գիտությունների դոկտոր, արձագանքել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հռիփսիմե Հունանյանի նշանակմանը, ով նախկինում աշխատել է որպես բուժքույր և չունի բարձրագույն կրթություն:

Նա գրել է իր Facebook էջում. «Ժողովուրդ ջան, ումից ի՞նչ ենք պահանջում․․․ Այսինքն, մնացած տեղերում բոլորն իրենց տեղերում էին, խնդիրը հենց էդ հանձնաժողովն է՞ր։

Իրականում, չոր հաշվարկ է։ Իրենք շատ լավ գիտեն, որ բժիշկների կողմից իրենք գրեթե ձայն չունեն, էդ պատճառով գցել բռնել են, ասել են՝ դե քանի որ Հայաստանում 15 հազարից ավել բուժքույր կա, որ հանձնաժողովի նախագահը բուժքույր լինի, բուժքույրների մի մասն իրենց կընտրի։ Բայց էստեղ էլ չարաչար սխալվում են, բուժքույրերն էլ են իրենց բոյկոտելու և ոչ մի ձայն էլ չեն ստանալու, հենց այն բանի համար, որ այդ կարևորագույն մասնագիտությունը փորձեցին նման քստմնելի կերպով օգտագործել և արհեստական լարվածություն մտցնել բժիշկների և բուժքույրերի միջև։

Այո, բուժքույրը բժշկության հիմնասյուներից մեկն է, և աշխարհում կան բազմաթիվ առաջնորդ և ղեկավար բուժքույրեր, գիտությունների դոկտոր բուժքույրեր, այո՝ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, սակայն այդ մարդկանց միավորում է մեկ կարևոր բան՝ համապատասխան գիտելիք և համապատասխան փորձ։ Այո, գիտելիք և փորձ, որը համապատասխանում է տվյալ աշխատանքին։ Նույնը նաև բժշկի դեպքում է, եթե մարդը բժշկի դիպլոմ ունի, դա դեռ չի նշանակում որ նա կարող է սիրտ վիրահատել կամ առողջապահական ռեֆորմ անել։

Ի միջի այլոց, Հայաստանում էլ կան շատ բուժքույրեր, որոնցից ոմանք բացի իրենց հիմնական մասնագիտությունից, անընդհատ կատարելագործվում են, լրացուցիչ կրթություն են ստանում, և կարծում եմ մոտակա տարիներին այստեղ նույնպես կտեսնենք բազմաթիվ գիտությունների դոկտոր բուժքույրերի, ովքեր լրջագույն դեր կունենան առողջապահության ոլորտում։

Այս դեպքում, ավելորդ մի խորացեք, ամեն մարդ իրեն համապատասխան ընտրություն է անում, ինչո՞ւ եք նեղվում։ Դա Նիկոլի գործն է»։