ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի թույլատրի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին բռնակցել Արևմտյան ափը։ Այս մասին հաղորդում է Politico-ն:
Ըստ հրապարակման՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում Թրամփը հանդիպել է մի շարք արաբական և մուսուլմանական երկրների ղեկավարների հետ՝ խոստանալով կանխել Իսրայելի հնարավոր գործողությունները։ Հանդիպմանը մասնակցել են նաև Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Հանդիպման մասնակիցներից մի քանիսը զգուշացրել են Թրամփին, որ Իսրայելի կողմից Արևմտյան ափում ցանկացած ներխուժում կարող է խանգարել Աբրահամի համաձայնագրերի անվտանգությանը։
Նախկինում Axios-ը նշել էր, որ Նեթանյահուն դիմել է Թրամփին՝ Արևմտյան ափը բռնակցելու համաձայնություն ստանալու նպատակով։ Երուսաղեմում անցկացված հանդիպման ժամանակ Նեթանյահուն քննարկել է Պաղեստինի ազգային վարչակազմի տարածքը զավթելու հնարավորությունները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Աբրահամի համաձայնագրերը կնքվել են 2020-2021 թվականներին Իսրայելի և մի քանի արաբական երկրների միջև՝ ԱՄՆ միջնորդությամբ։ Այդ ընթացքում Բահրեյնը, Մարոկկոն և ԱՄԷ-ն ստեղծել են դիվանագիտական հարաբերություններ Իսրայելի հետ, իսկ Սուդանը միացել է նրանց 2021 թվականին։ Նախքան այս համաձայնագրերն, միայն Եգիպտոսն (1979 թվականից) և Հորդանանը (1994 թվականից) էին դիվանագիտական կապեր հաստատել Իսրայելի հետ։