Կառավարության վերջին նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց պետական բյուջեի վերաբաշխման ծրագիրը, որի համաձայն ծրագրվում է հատկացնել 22 մլրդ 887.6 մլն դրամ։ Սվաջյանի խոսքերով, 9.6 մլրդ դրամը կհատկացվի ԿԳՄՍ միջոցներից, իսկ 13.2 մլրդ դրամը կտրամադրի կառավարությունը։
Փոխնախարարի հաղորդմամբ, այդ գումարները ծառայելու են մի շարք կրթական և մշակութային հիմնարկների շինարարության, նախագծման և գույքով ապահովման։
Սվաջյանը ընդգծեց, որ 21.8 մլրդ դրամը կուղղվի դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրերին։
«Դպրոցների կառուցման համար հատկացվում են 8.9 մլրդ դրամ՝ ընթացիկ շինարարական ծրագրերի տարեկան ֆինանսավորումը մեծացնելու նպատակով։ 2.8 մլրդ դրամը կուղղվի կրթահամալիրների կառուցման ծրագրին, իսկ 9.3 մլրդ դրամը՝ դպրոցների հիմնանորոգման և վերանորոգման համար։ Մանկապարտեզների կառուցման համար հատկացվում է 430 մլն դրամ, դպրոցների մասնակի կառուցման համար՝ 400 մլն դրամ, և ԲՈւՀ-երի շենքային և գույքական պայմանների բարելավման համար՝ 200 մլն դրամ»,- նշեց Սվաջյանը։
Մշակույթի ոլորտի հատկացումից 1 մլրդ դրամը կտրամադրվի Մատենադարանի ճակատային հուշարձանների վերանորոգմանը։
«Սպորտային ենթակառուցվածքների կապիտալ ծախսերի համար կտրամադրվի 63.8 մլն դրամ, որը մասնավորապես կուղղվի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան վերանորոգմանը»,- հավելեց ԿԳՄՍ փոխնախարարը։